Հայաստանի կառավարությունը «ԼԻՖՏՏԵԽՆԻԿ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն կտրամադրի' մարդատար վերելակների նախագծման, վերելակների և կառավարման էլեկտրոնային համակարգի սարքերի արտադրության և հավաքման գործունեության իրականացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:

 

Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալները կկազմեն մոտ 2.5 մլն եվրո, իսկ ծրագրի հինգերորդ տարվա վերջում' մոտ 12.5 մլն եվրո: Արտահանման հիմնական ուղղություններն են լինելու Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Իսպանիան: Նախատեսվում է շուկայի աստիճանական ընդլայնում:

 

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է առաջին փուլում ստեղծել 20 նոր աշխատատեղ, իսկ 2015 թ. ավարտին' 35 աշխատատեղ: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 4.5 մլն դոլար:

 

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում ընկերությունն ունենալու է 350 քմ արտադրական տարածք: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը մինչև 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

 

ՀՀ կառավարության 2013 թվականի որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է ազատ տնտեսական գոտին, 2013 թվականի օգոստոսի 1-ին գործարկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին: Նույն տարվա օգոստոսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը: