Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի տնտեսական իրադրությունը, ինչպես նաեւ ԱՄՀ-ի Stand-By ծրագրի շրջանակներում կողմերի պարտավորությունների կատարումը:

 

Լագարդն աջակցություն է հայտնել Ուկրաինային եւ դրական է գնահատել խորհրդարանական կոալիցիայի եւ նոր կառավարության ձեւավորումը, քանի որ դա կնպաստի «Ուկրաինայի ֆինանսատնտեսական իրադրության կայունացմանը»:

 

Պորոշենկոն Լագարդին հավաստիացրել է ԱՄՀ-ի հանդեպ պարտավորությունները կատարելիս Ուկրաինայի հետեւողականության հարցում: Նախագահը կոչ է արել ԱՄՀ-ին՝ քննարկել Ուկրաինային ֆինանսական օգնության ավելացումը:

 

Զրուցակիցները համաձայնեցրել են առաջիկա շրջանում գործակցության ժամանակացույցը:

 

S&P վարկանիշային գործակալությունը դեկտեմբերի 19-ին արտարժույթով պարտավորությունների գծով Ուկրաինայի երկարաժամկետ վարկանիշը CCC-ից իջեցրել է մինչեւ CCC-, կանխատեսումը բացասական է, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը: