Գրասենյակների համար ապրանքների վաճառքի ԱՄՆ-ի խոշորագույն Staples ցանցը հայտնել է, որ մի շարք գրոհների է ենթարկվել հաքերների կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գրոհները կատարվել են այս տարվա հուլիսից մինչեւ սեպտեմբեր: Հաքերները Staples-ի 115 խանութների վճարային համակարգում ներդրել են վնասաբեր ծրագրային ապահովում, որը նրանց թույլ է տվել հափշտակել 1,16 մլն գնորդների բանկային քարտերի տվյալները:
Staples-ը, որին ԱՄՆ-ում ավելի քան 1,4 հազար խանութ է պատկանում, առաջին ամերիկյան ցանցը չէ, որ ենթարկվում է հաքերների հարձակմանը: Սեպտեմբերին Home Depot ընկերությունը, որին պատկանում է նորոգման գործիքների եւ շինարարական նյութերի վաճառքի աշխարհում խոշորագույն ցանցերից մեկը, հայտնել է, որ չարագործները հափշտակել են իր սպասարկյալների 56 մլն բանկային քարտերի տվյալները: 2013 թվականին հաքերների զոհ էր դարձել շուրջ 40 մլն մարդ, ովքեր գնումներ էին կատարում Target առեւտրական ցանցում:
ԱՄՆ-ի պատմության մեջ անձնական տվյալների խոշորագույն արտահոսը տեղի է ունեցել 2007 թվականին, երբ կիբեռհանցագործների տրամադրության տակ էր հայտնվել 94 մլն վարկային քարտերի տեղեկատվությունը, որոնցից օգտվում էին ամերիկյան եւս մեկ խոշոր առեւտրական ցանցի՝ TJX-ի գնորդները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: