Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճիշտ չի համարում պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի պաշտոնաթողության պահանջով կոչերը, որոնք արվում են Ուկրաինայում վրացի կամավոր Ալեքսանդր Գրիգոլաշվիլիի զոհվելու կապակցությամբ գերատեսչության հայտարարության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Նովոստի Գրուզիա»-ին:

 

Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ին տարածած իր հայտարարության մեջ Գրիգոլաշվիլիի մահվան համար պատասխանատվությունը դրել Է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչների վրա, որոնք, ինչպես ասվում Էր փաստաթղթում, «քաղաքացիներին կոչ են անում մասնակցել արտասահմանում ընթացող մարտական գործողություններին»: Հայտարարությունը հարուցել Է ոչ միայն հասարակության մի հատվածի եւ ընդդիմության, այլեւ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներկայացուցիչների վրդովմունքը:

 

«Այս իրարանցումը, որն ստեղծվել Է պաշտպանական գերատեսչության կողմից տարածված հայտարարության կապակցությամբ, այն կոչերը, թե պարոն Մինդիան իբր պետք Է հրաժարական տա, կարծում եմ, սխալ խոսակցություն Է: Եվ ես ցանկանում եմ բոլորին կոչ անել, որ, հավանաբար, ավելի խելամիտ կլինի ժամանակին ավարտել այս խոսակցությունը եւ այս, իսկն ասած, հիստերիան»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին կառավարության՝ դեկտեմբերի 24-ի նիստում:

 

Կառավարության նիստին ներկա Է եղել նաեւ պաշտպանական գերատեսչության ղեկավար Մինդիա Ջանելիձեն, որը հրապարակային ոչ մի պարզաբանում չի արել իր գերատեսչության տարածած հայտարարության վերաբերյալ: