ՆԱՏՕ-ն պաշտոնապես ավարտել է 13-ամյա ռազմական առաքելությունն Աֆղանստանում: Այժմ երկրում դաշինքի գործունեությունը թեւակոխում է նոր փուլ: Հյուսիսատլանտյան դաշինքը միայն ուսուցանելու եւ խորհրդատվություն է տրամադրելու աֆղանցի զինվորականներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Դեկտեմբերի 28-ին Քաբուլում միավորված զորախմբի կենտրոնակայանի վրա իջեցվել է ՆԱՏՕ-ի եւ առաքելության մասնակից երկրների դրոշը եւ բարձրացվել Է նոր առաքելության դրոշը, որն ստացել է «Վճռական աջակցություն» անվանումը:

 

Արարողության ընթացքում առաքելության ղեկավար գեներալ Ջոն Քեմփբելը հայտարարել է. «Մենք աֆղան ժողովրդին դուրս բերեցինք խավարից ու վախից եւ ապագայի հույս տվեցինք նրան»:

 

Թալիբների ռեժիմի տապալման եւ «Ալ Քաիդա»-ի վարժական բազաների վերացման ՆԱՏՕ-ի գործողությունն սկսվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո եւ շարունակվել 13 տարի:

 

Հունվարի 1-ից ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններից կանցնի Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի ուսուցմանը:

 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատեւ պատերազմը» մոտեցել է տրամաբանական ավարտին: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի իշխանությունների միջեւ ստորագրված համաձայնագրի պայմաններով՝ ամերիկացիները պահպանել են անհրաժեշտության դեպքում երկրի տարածքում իսլամական արմատականների դեմ ինքուրույն գործելու իրավունքը: Արեւմտյան մնացած պետություններն այսուհետեւ կարող են միայն ուսուցանել տեղի զինվորականներին:

 

Աֆղանստանում օտարերկրյա զորակազմերի ընդհանուր թվաքանակը ավելի քան 130 հազարից կրճատվում է մինչեւ մոտավորապես 12 հազար:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն իր հայտարարության մեջ նշել է. «Այժմ Աֆղանստանի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է երկրի 350 հազար զինվորականների ու ոստիկանների ձեռքում: Սակայն ՆԱՏՕ-ի երկրները եւ նրա գործընկերները մնում են երկրում, որպեսզի խորհրդատվություն տրամադրեն նրանց եւ աջակցություն ցուցաբերեն»:

 

Ընթացիկ տարին ամենաարյունալին է դարձել Աֆղանստանում 2001 թվականից ի վեր. թալիբների դեմ պայքարում զոհվել են առնվազն 4600 աֆղանցի զինվորականներ:

 

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ընթացքում այդ երկրում զոհվել է գրեթե 3500 օտարերկրյա զինվորական: