Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող դոկտոր Դեւիդ Նաբարոն հայտարարել է, որ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում դանդաղում է Էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի տարածումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վիրուսի տարածման հետ կապված փոփոխությունը, ինչի հույսը մենք ունեինք, հանուն որի մենք աշխատում էինք եւ ինչն ակնկալում էինք, այժմ տեղի է ունենում ամենուրեք»,- հայտարարել է Նաբարոն:
«Մարդկանց բուժելու համար նախատեսված հիմնարկներն այժմ հասանելի են ամենուրեք… Մասնագետների խմբերը, որոնք զբաղվում են զոհերի անվտանգ թաղումով, աշխատում են ամենուրեք եւ արդյունքում մենք տեսնում ենք այն բանի նախնական նշանները, որ վիրուսի տարածումը կանգ է առնում»,- պատմել է նա Reuters գործակալությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 8 հազար 444-ի, վարակված է 21 հազար 329 մարդ:
Հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին: ԱՀԿ-ի կողմից հունվարի 14-ին հրապարակված վիճակագրական տվյալների համեմատությամբ՝ նշված երկրներում վիրուսի զոհերի թիվն ավելացել է 30-ով, վարակվածներինը՝ 68-ով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: