Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող դոկտոր Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ Արևմտյան Աֆրիկայի երկրներում դանդաղում է Էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի տարածումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Վիրուսի տարածման հետ կապված փոփոխությունը, ինչի հույսը մենք ունեինք, հանուն որի մենք աշխատում էինք և ինչն ակնկալում էինք, այժմ տեղի է ունենում ամենուրեք»,- հայտարարել է Նաբարոն:

 

«Մարդկանց բուժելու համար նախատեսված հիմնարկներն այժմ հասանելի են ամենուրեք… Մասնագետների խմբերը, որոնք զբաղվում են զոհերի անվտանգ թաղումով, աշխատում են ամենուրեք և արդյունքում մենք տեսնում ենք այն բանի նախնական նշանները, որ վիրուսի տարածումը կանգ է առնում»,- պատմել է նա Reuters գործակալությանը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 8 հազար 444-ի, վարակված է 21 հազար 329 մարդ:

 

Հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են Արևմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին: ԱՀԿ-ի կողմից հունվարի 14-ին հրապարակված վիճակագրական տվյալների համեմատությամբ՝ նշված երկրներում վիրուսի զոհերի թիվն ավելացել է 30-ով, վարակվածներինը՝ 68-ով, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: