Տոնգայի Թագավորությունը, որը Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում գտնվում է ավելի քան 170 կղզիների վրա, այս շաբաթ համալրվել է ևս մեկ կղզով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն առաջացել է Հունգա Հաափայ ստորջրյա հրաբխի՝ արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող ժայթքման հետևանքով: Ամեն ժամ տեղի է ունեն ում միջին հաշվով 10 – 12 ժայթքում. հրաբուխն ապարի բեկորները նետում է շուրջ 400 մետր, իսկ մոխիրն՝ ավելի քան 1 կիլոմետր բարձրության վրա:
Նոր կղզին գտնվում է երկրի մայրաքաղաք Նուկուալոֆայից մոտավորապես 65 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել են սեյսմոլոգները, կղզու երկարությունը կազմում է շուրջ 2 կիլոմետր, իսկ լայնությունը՝ շուրջ 1 կիլոմետր: Պահպանվող չափազանց վտանգավոր պայմանների պատճառով մարդիկ նոր կղզում դեռ չեն եղել:
ՏԱՍՍ-ը նշում է, որ ընթացիկ շաբաթվա սկզբին Հունգա Հաափայի ժայթքման պատճառով Տոնգայի Թագավորությունը հայտնվել էր միջազգային մեկուսացման մեջ. չեղյալ էին հայտարարվել Ավստրալիայից և Նոր Զելանդիայից բոլոր ավիաչվերթերը դեպի Նուկուալոֆա:
Տոնգայի ցամաքի միագումար մակերեսը կազմում է շուրջ 750 քառակուսի կիլոմետր: Օվկիանոսում միմյանցից տասնյակ և հարյուրավոր կիլոմետր հեռավորությամբ գտնվող կղզիների մեծ մասն անմարդաբնակ է: Երկրում բնակվում է շուրջ 105 հազար մարդ, որոնց մոտավորապես 70 տոկոսն ապրում է Տոնգատապու գլխավոր կղզում: