Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 8 հազար 626-ի, վարակված է 21 հազար 689 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները:
Հիվանդանալու նշված բոլոր դեպքերը վերաբերում են Արևմտյան Աֆրիկայի երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին: Լիբերիայում մահացել է 3 հազար 605 մարդ, վարակվել՝ 8 հազար 478-ը: Սիեռա Լեոնեում մահացածներն ավելի քիչ են՝ 3 հազար 145 մարդ, բայց վարակվածներն ավելի շատ են, քան որևիցե այլ երկրում՝ 10 հազար 340 բնակիչ: Գվինեայում զգալիորեն պակաս են թե՛ վարակվածները, թե՛ մահացածները՝ համապատասխանաբար 2 հազար 871 և 1876:
ՏԱՍՍ-ը նշում է, որ ԱՀԿ-ի կողմից հունվարի 19-ին հրապարակված վիճակագրական տվյալների համեմատությամբ Արևմտյան Աֆրիկայի երկրներում զոհերի թիվն ավելացել է 32-ով, վարակվածներինը՝ 75-ով:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Սակայն այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ վարակվել է 20 և մահացել 8 մարդ: