Սահմանին իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի դիվերսիոն փորձերը հայկական զինված ուժերը կասեցնում են եւ շարունակում պահպանել փխրուն խաղաղությունը:

 

«Թշնամին իրավիճակի ապակայունացման փորձեր է անում, սակայն նրա ցանկացած փորձ կասեցվում է, թշնամին, հաշվի առելով քաղաքական իրավիճակի բարդացումը, սահմանին գործընթացներ է կատարում, ժողովրդի ուշադրությունը շեղելու համար հատուկ ակտիվություն է ցուցաբերում սահմանի երկայնքով: Բացի այդ, 2015թ. հայության համար կարեւոր տարի է: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նրանք էլ յուրովի են ցանկանում մասնակցել: Սա ցեղասպան քաղաքականության շարունակությունն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

Հունվարյան լարվածությունն, ըստ Բաբայանի, նաեւ խորհրդանշական է: «Նախ հունվարյան տոներն են' Նոր տարի, Սուրբ ծնունդ, հետո Բաքվի հայերի ջարդերի տարելիցն է, եւ թշնամին այս կերպ է «շնորհավորում»' դիմելով ամենակեղտոտ եւ անբարոյական քայլերին: Սա բնորոշ է տոտալիտար, ֆաշիստական պետություններին, եւ այսպիսի ագրեսիա Ադրբեջանը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ասպարեզում է ցույց տալիս' հետապնդելով ընդդիմադիր գործիչներին, մարդու իրավունքի պաշտպաններին, ազատ կամք արտահայտողներին, բոլորին, ովքեր կարծիք են հայտնում իշխանության հասցեին: Սա բն որոշ է ֆաշիստական պետությանը»,- ասաց Բաբայանը:

 

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը շեշտում է, որ հունվարյան աննախադեպ լարվածության առնչությամբ տեղյակ են պահել միջազային կազմակերպություններին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը:

 

«Իրենք էլ են մտահոգված այս վիճակով: Ներկա դրությամբ միակ գործոնը, որ զսպում է ագրեսորին, ԼՂՀ պաշտպանության բանակն է: Ագրեսորը միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք, եթե նա այդ զգացումը կորցրեց, ապա կդիմի ավելի անկանխատեսելի քայլերի: Սակայն, եթե նույնիսկ դիմի նման ծայրահեղ քայելերի, ապա Արցախի դրոշը կծածանվի Ադրբեջանի մայրաքաղաքում, այլ տարբերակ չկա»,- ասաց Բաբայանը:

 

Իրավիճակը հայ-ադրբեջանական եւ ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին հունվարի սկզբից լարված է: Հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմն ու միաժամանակ տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբեր ուղարկում Հայաստանի ուղղությամբ: Դիվերսիոն բազմաթիվ փորձեր հայկական զինված ուժերը կասեցրել են: