Այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Մշակութային ցեղասպանություն» խորագրով՝ լուսանկարների ցուցադրություն:

 

Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեմի քահանայից դասը, բարձրաստիճան հյուրեր:

 

Թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 9-րդ միջոցառումն է. «Մենք գիտենք, որ ցեղասպանության ընթացքում միայն մարդկային կորուստներ չենք ունեցել: Եղել է տնտեսական, կենցաղային, մտավորականների ցեղասպանություն: Ունեցել ենք նաև մշակութային ցեղասպանություն: Մեր բոլոր միջոցառումները համարում ենք ոգեկոչում և նաև, ինչու չէ, պահանջատիրություն», - ասաց նա:

 

Միջոցառումը Տ. Նավասարդ սրբազանի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով, ապա Սրբազան հայրն օրհնության խոսք ասաց:

 

Ճեմասրահում ցուցադրված էր Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկար, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է: 24 թիվն ընտրված էր խորհրդանշորեն: Ծրագրի ընթացքում ամեն ամսվա 24-ին երիտասարդները ոգեկոչում են անմեղ նահատակների հիշատակը: Նրանք իրենց միջոցառումների ընթացքում արդեն հիշատակել են մեկ ու կես միլիոն զոհերին, 4000 նահատակ հոգևորականներին և 700-ից ավելի մտավորականներին. ընդհանրական աղոթք ու հոգեհանգստյան կարգ կազմակերպել նրանց հիշատակին:

 

Այսօրվա միջոցառումը նվիրված էր ցեղասպանության մեր մշակութային «զոհերին»՝ մեր վանքերին, եկեղեցիներին ու կոթողներին, որ ցայսօր գերեվարված են ու փշուր-փշուր կորստի են մատնվում:

 

Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում.