Յոթանասուն տարի առաջ, հունվարի 27-ին ազատագրվեց գերմանական նացիստական համակենտրոնացման և մահվան ամենամեծ ճամբարներից մեկը Աուշվից-Բիրկենաուն: Այդ օրը նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր, որի առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում հրեական համայնքի հետ միասին հանդիսավոր արարողությամբ հարգան քի տուրք մատուծեցին զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ծաղկեպսակ դրեցին Հոլոքոստի նվիրված հուշարձանին: Իսկ Հայաստանի ազգային գրադարանում Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վավերագրական դրվագները պատկերող պաստառներ, գրքեր, հրատարակություններ, տեղակատուներ ցուցադրվեցին:
«Հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակինˋ միջազգային այս օրը մեզ հնարավորություն է տալիս վերահաստատել միջազգային հանրության հանձնառությունըˋ քայլեր ձեռնարկելու հակասեմականության, ռասայական խտրականության, անհանդուրժողականության դեմ և թույլ չտալու, որ ապագայում նման բռնություններ տեղի ունենան»,- նշեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն:
Համատեղ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի հրեական համայնքի առաջնորդներըˋ«Մենորա» կենտրոնի նախագահ Վիլի Վայները, Հայաստանի հրեաների գլխավոր րաբբի Գերշ Բուրշտեյնը և Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:
«Վերջին շրջանում մենք ականատեսը եղանք նացիզմի, հակասեմականության վերածննդին, ահաբեկչության և բռնությունների տարածմանը, որի ցավալի օրինակն է մի շարք պետությունների կողմից չդատապարտված և չճանաչված, անցած դարի սկզբում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը, որը հետագայում հանգեցրեց Հոլոքոստի և նոր ցեղասպանությունների իրականացմանը: Ի նկատի ունենալով համանանման ճակատագիր ունեցող երկու ժողովուրդների պատմական ժառանգությունըˋ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի պատմության այս հրեշավոր փաստերը երբեք չկրկնվեն:
Միջազգային հանրության անթույլատրելի լռությունը և անտարբերությունը մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործության հանդեպ, ինչպես նաև ցանկացած ցեղասպանական ակտի նպատակուղղված հերքումը հող է նախապատրաստում աշխարհում կրոնական և ազգային հողի վրա նոր բռնությունների համար: Միջազգային հանրությունը բացարձակ համերաշխություն պետք է հայտնի բոլոր ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Երկակի ստանդարտների քաղաքականությունը և համերաշխության բացակայությունն այսօր հանգեցնում են նրան, որ մենք մշ տապես բռնությունների նոր ալիքների, այլատյացության և ահնադուրժողականության դրսևորումների ականատեսն ենք դառնում»,- հայտարարությունն ընթերցեց Ռիմա Վարժապետյանը:
Այս տարվա հիշատակի օրվա թեման էր «Հոլոքոստը վերապրած մարդկանց ազատությունը, կյանքը և ժառանգությունը»: Այդ նպատակով ցուցադրվեցին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի պատրաստած ֆիլմերըˋ հիմնված վերապրածների և վետերանների վկայությունների վրա: