Նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության փաստի՝ որոշ երկրների կողմից չդատապարտվածության և չճանաչվածության տխուր օրինակը հանգեցրեց Հոլոքոստին և նոր ցեղասպանությունների: Այդ մասին նշված է Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի (Ֆելլեր), Հայաստանի գլխավոր րաբբի Գերշ Մեյեր Բուրշտեյնի և «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ Վիլլի Վայների հայտարարության մեջ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' դրանում մասնավորապես ասված է. «Հրեաների մեկ-երրորդի կործանման և այլ ազգությունների ներկայացուցիչներից անթիվ զոհերի հանգեցրած Հոլոքոստը բոլոր ազգերի համար ընդմիշտ ծառայելու է որպես նախազգուշացում այն վտանգներից, որոնք իրենց մեջ պարունակում են ատելությունը, ֆանատիզմը, ռասիզմը և կանխակալությունը»,- նշված է ՄԱԿ ԳԱ բանաձևում:

 

Վերջին շրջանում մենք ականատես եղանք նացիզմի, հակասեմիտիզմի վերածննդին, ահաբեկչության և բռնության տարածմանը:

 

Հովել Մարգարեի Գրքում (1,2-3) ասվում է.

 

«Լսեցե´ք այս, ո´վ ծերեր, և ականջ դրե´ք, ո´վ երկրի բոլոր բնակիչներ. այսպիսի բան եղե՞լ է արդյոք ձեր կամ ձեր հայրերի օրոք։

 

Սորա մասին պատմեցե´ք ձեր որդկանցը, և ձեր որդիքն իրանց որդկանցը, և նորանց որդիքը ուրիշ սերունդի…»:

 

Մենք պատասխանատու ենք մեր զավակների ապագայի համար և պարտավոր ենք ամեն ջանք գործադրել' դաստիարակելու երիտասարդությանը հանդուրժողականության, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ոգով:

 

Գիտակցելով երկու բախտակից ժողովուրդների տխուր պատմական ժառանգությունը' մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի պատմության հրեշավոր փաստերը երբեք չկրկնվեն: Միջազգային հանրության անընդունելի լռությունը և անտարբերությունը' մարդկության և, ընդհանրապես, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործության հանդեպ, աշխարհում ցանկացած ցեղասպանության փաստի չճանաչումը և միտումնավոր ժխտողականությունը միշտ հող է պատրաստում ազգային և կրոնական հողի վրա նոր բռնության առաջացման համար:

Անկախ աշխարհաքաղաքական և այլ բնույթի շահերից' միջազգային հանրությունը պետք է բացարձակ համերաշխություն ցուցաբերի բոլոր ցեղասպանությունների ընդունման, դատապարտման և կանխարգելման հարցում: Մինչդեռ այսօր երկակի ստանդարտների քաղաքականությունը և այդ հարցում համերաշխության բացակայությունը հանգեցրին նրան, որ աշխարհի տարբեր երկրներում մենք մշտապես ականատես ենք լինում բռնությունների նոր ալիքի, անհամերաշխության և այլատյացության գործնականում բոլոր ձևերի դրսևորմանը:

 

Սարսափեցնում են Եվրոպայում ահաբեկիչների բարբարոսությունը և Իսրայելում ՀԱՄԱՍ-ի անմարդկային գործողությունները:

 

Ցեղասպանության կանխարգելումն իրենից ներկայացնում է մարդու իրավունքների, մարդու ապրելու իրավունքի պաշտպանության համակարգային մեխանիզմի մի մաս:

 

Լինելով եվրոպական ժողովրդի մի մաս' մենք դիմում ենք բոլորին, ով ողբում է մեզ հետ միասին' կիսելու մեր Ցավն ու Բողոքը.

 

«Մարդկության դեմ ցանկացած հանցագործության զոհերի հիշատակության օրերը' Շոան (Հոլոքոստ), Հայոց ցեղասպանությունը (Մեծ Եղեռն), Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև բռնության և ահաբեկչական այլ գործողությունների զոհերի օրերը պետք է լինեն հիշատակության օրեր ոչ միայն հենց զոհերի ժառանգների համար, այլև նրանց ժառանգների համար, ովքեր իրականացրել են այդ հանցագործությունները»: