Ֆրանսահայերը լավատեսորեն են տրամադրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի արդյունքների նկատմամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:
«Փերինչեքի դատավարությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Եթե Փերինչեքը շահի դատը Մարդու իրավունքների դատարանում, Եվրոպական խորհրդի երկրները չեն կարողանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ ընդունել: Գիտակցելով, որ Շվեցարիան և Հայաստանը պետք է պաշտոնապես վայելեն Ֆրանսիայի զորակցությունը, մենք դիմեցինք նախագահ Օլանդին' դատավարությանը մեր կողքին կանգնելու համար: Եվ ստացանք նրա դրական պատասխանը»,-ասաց Փափազյանը:
Նրա խոսքով' Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը և Հայ դատի պաշտպանները սպասում են ՄԻԵԴ-ի դրական որոշմանը' հավանաբար 2016 թվականի սկզբին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ներկայացնելու համար:
Անդրադառնալով դատավարությանը' Փափազյանը նշեց, որ ինքը բավական լավատես է այդ հարցում: «Լուրջ աշխատանք է կատարվել: Դատավարությունը երկուսուկես ժամ է տևել, որի ժամանակ բոլոր կողմերն արտահայտեցին իրենք քաղաքական, իրավական տեսակետները: Սակայն գործընթացը հիմնականում գրավոր ձևով է ընթանում: Ես և մեր փաստաբաններն ուսումնասիրել ենք բոլոր նամակները և բավական լավատես ենք արդյունքի վերաբերյալ», - հայտնեց Փափազյանը: