Մոսկվայում ավարտվել են Սիրիայի ներքին և արտաքին ընդդիմադիր ուժերի և պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչների միջև քառօրյա խորհրդակցությունները: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Բանակցությունների արդյունքում կազմվել է 11 կետից բաղկացած, այսպես կոչված, «մոսկովյան սկզբունքներ», որին աջակցություն են հայտնել բոլոր կողմերը:
Արդեն մեկ տարի է անցել այն պահից, երբ սիրիական հակամարտության կողմերը հանդիպել էին «Ժնև-2» համաժողովի ընթացքում: Այդ ժամանակ հստակ պայմանավորվածության հասնել հնարավոր չէր եղել, ինչը չի կարելի ասել Մոսկվայում կայացած հանդիպումների մասին:
«Մոսկովյան սկզբունքները», որոնք, մասնավորապես, ներառում են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելը, հակամարտությունը բացառապես խաղաղ քաղաքական մեթոդներով լուծելն ու արտաքին միջամտություն թույլ չտալը, հիմք կդառնան հետագա բանակցությունների համար: