Ադրբեջանում, հնարավոր է, Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն «անցանկալի անձ» հայտարարվի այն բանի համար, որ նա պաշտոնական Բաքվին մեղադրել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ռուսաստանին ձայնից զրկելու հետ կապված քվեարկության ժամանակ «կողմ» քվեարկելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազդլըգ» թերթն իր «Իշխանությունը երազում հաճախ Մայդան է տեսնում» հոդվածում:

 

Միշենկոն բողոքել էր, որ Ադրբեջանի իշխանությունները մշտապես հետեւում են իրեն եւ հորդորում համալսարաններում ուսանողների առաջ ելույթներում չքննադատել Ռուսաստանին: «Իշխանությունները գրաքննության են ենթարկում ինձ»,- դժգոհել է նա:

 

Թերթը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը շոկային վիճակի մեջ է ընկել Բաքվում Միշենկոյի ունեցած ելույթի պատճառով, քանի որ կարծում էին, թե մշտապես կկարողանան լռեցնել յուրաքանչյուրին:

 

Պարբերականի կարծիքով' Ուկրաինայի դեսպանի համարձակ ելույթը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, եւ մյուս դեսպաններն էլ սկսեն խոսել բացահայտ:

 

«Իշխանությանը քծնողները հերթ են կանգնել, որպեսզի "persna-non qrata" հայտարարեն Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոյին», -գրում է թերթը: Թերթը համոզմունք է հայտնում, որ նման դեպքում Ադրբեջանում հավատարմագրված մյուս դեսպանները կսկսեն պատպանել Միշենկոյին, քանի որ նրանց մեծամասնությունը համակարծիք է Ուկրաինայի դեսպանի դիրքորոշմանը:

 

Ադրբեջանցի քաղաքագետ, «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուն այդ առնչությամբ minval.az-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության դիրքորոշումը պայմանավորված է պաշտոնական Բաքվի ռուսամետ արտաքին քաղաքական ուղղվածությամբ: «Ադրբեջանը շուտով Մոսկվայի հետ կսկսի համաձայնեցնել իր հարաբերությունները երրորդ երկրների հետ», -ասել է Օրուջլուն:

 

Moderator.az լրատվական կայքը փետրվարի 3-ին հայտնել էր, որ ուկրաինացի դեսպանն իր այդ բողոքը հայտնել է փետրվարի 2-ին Բաքվում «Ռուսաստանն այսօր» միջազգային մամուլի կենտրոնում ադրբեջանցի քաղաքագետ, «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի' 2014 թվականին Ուկրաինայում ողբերգական իրադարձություններին նվիրված «Մայդանից Մայդան» գրքի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում: Դեսպանը Ադրբեջանին մեղադրել է Ռուսաստանին պաշտպանելու մեջ:

 

Կայքը հայտնում է, որ Ուկրաինայի դեսպանի այդ մեղադրական ելույթից հետո դահլիճում լուրջ աղմուկ է բարձրացել: Փոխադարձ մեղադրանքներով ընթացող հավաքում ուկրաինացի դեսպանը, «դուրս գալով դիվանագիտական էթիկայի սահմաններից», Ադրբեջանի հասցեին խիստ մեղադրանքներ է հնչեցրել:

 

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելուն «կողմ» քվերակելու համար Ադրբեջանի պատվիրակությանը դատապարտել է նաեւ Ադրբեջանի «Դասական ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն: