Ինչպես տեղեկացրել էինք, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը։

 

Ելույթով հանդես եկավ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ իրենց նպատակն է ճիշտ քայլեր մշակել, որոնք կհանգեցնեն երկրում իշխանափոխության:

 

«Ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական բոլորի համար, իսկ ժողովրդի պահանջը մեկն է՝ իշխանափոխություն: Հայաստանի իշխանությունները կորցրել են ժողովրդի վստահությունը, քանի որ բոլոր ասպարեզներում չհաջողված քաղաքականություն են վարում։ Ասեք ինձ գոնե մեկ ոլորտ, որտեղ Հայաստանի իշխանությունները պարտություն չեն կրել։ Հայաստանում կան անուններ, ովքեր տնտեսական ճգնաժամի ողջ մեղավորությունն են կրում: Այս դեպքում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով պատասխանատու պաշտոնի է անցել ԱՄՆ-ում և տխրահռչակ Քիմ Քարդաշյանի պես իր նկարներն է զետեղում սոցիալական կայքերում»,- ասաց Զոհրաբյանը:

 

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունը չի հարգում նույնիսկ գործող Սահմանադրությունը, իսկ այդ գործընթացը նախաձեռնելու հիմնական նպատակն իշխանությունը պահելն է, և ոչ իշխանական ուժերը պետք է թույլ չտան դա։