Այսօր' հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի Տ 2018 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի հատվածում' դեպի Գորիս ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հանդիպակաց ընթացող «Կամազ» մակնիշի 132 ՏՍ 51 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը 3 ուղեւորների հետ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ուղեւորներից մեկը զինվորական է: Իսկ 1 ուղեւոր տեղում մահացել է: Այս պահին ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները' վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ քննչական խումբը' Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքի պետ Արայիկ Ջավադյանի գլխավորությամբ: Ոստիկանների կանչով վթարի վայր են ժամանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար վարչության Սիսիանի հրշեջ փրկարարական խումբը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացած անձի եւ վիրավորների ինքնությունը:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սիսիանի Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է' «Միցուբիշին» վարել է Սերժիկ Մարտիրոսյանը, իսկ «Կամազը»' Սամվել Խաչատրյանը: