ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը Երևանում խոսեց Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների մասին և նրանց կատարածը անվանեց սոսկալի հանցագործություն: Միաժամանակ, Նուլանդը կոչ արեց պատկան մարմիններին կատարել հումանիտար ժեստ' չմանրամասնելով, թե որն է դա:

 

 

Լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում, ի պատասխան հայ լրագրողի հարցին, թե մտավախություն չունի՞, որ հանցագործություն կատարած ադրբեջանցի դիվերսանտները Բաքվում կարժնանանան նույն հերոսացմանը, ինչ Սաֆարովը, Վիկտորյա Նուլանդը պատասխանեց. «Դա, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ ենք անում պատկան մարմիններին կատարել հումանիտար ժեստ»:

 

 

Անդրդադառնալով շփման գծում տեղի ունեցող հրադադարի խախտումներին' ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասաց, որ այդ փաստն իրենց շատ է մտահոգում: «Շփման գծում բռնությունները մեզ համար խիստ մտահոգիչ են: Այցի ընթացքում նշել եմ, որ ուզում ենք լինեն հանգիստ ժամանակներ, խաղաղ բանակցություններ: Ես այդ մասին խոսել եմ երկու երկրների նախագահների հետ, խոսել եմ արյունահեղության դադարեցման մասին, որը կողմերից ոչ մեկին օգուտ չի բերում: Հուսանք' առաջիկա օրերին կլինի խաղաղություն, ի շահ զինվորների, նրանց ծնողների և տարածաշրջանի»,- ընդգծեց նա:

 

 

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդին: Կողմերը քննարկել էին հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:

 

 

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի քննարկման համատեքստում նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի օգնականը համակարծիք էին, որ պետք է հնարավոր բոլոր ջանքերը գործադրվեն՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբո ղջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։