Չդադարող ուժգին ձյունատեղումների եւ վատ տեսանելիության պատճառով Turkish Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել փետրվարի 19-ին ծրագրված բոլոր ներքին եւ միջազգային չվերթները Ստամբուլի օդանավակայաններից:
Վերջին երկու օրը չեղյալ են հայտարարվել մոտ 800 չվերթ: Օդանավակայանների վերգետնյա ծառայությունները չեն հասցնում մաքրել թռիչք-վայրէջքային ուղիները: Մի ինքնաթիռ, չհասցնելով արգելակել, դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Տուժածներ չկան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, չվացուցակի փոփոխման պատճառը Ստամբուլում աննախադեպ ձյունատեղումն է, որը կաթվածահար է արել ամբողջ տրանսպորտը: Ձնաբքի պատճառով Ստամբուլի խոշորագույն' Աթաթուրքի անվան օդանավակայանը ժամանակավորապես փակվել է:
Վատ եղանակի պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել, ինչի հետեւանքով վերջին մեկ օրում 800-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել: Բացի այդ, Ստամբուլում եւ մի շրաք նահանգներում դպրոցները փակվել են: Ձյուն է տեղացել նաեւ ծովափնյա Անթալիայի ափամերձ մասերում, որտեղ այն չէին տեսել արդեն 20 տարի: