Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հանդես է գալիս Դոնբասի խաղաղապահ առաքելությանը ռուսաստանցիների մասնակցության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավել Կլիմկինը փետրվարի 19-ին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

 

 

«ՄԱԿ-ի շրջանակներում որոշման տրամաբանությունը հաստատված է ու քաջ հայտնի. Անվտանգության խորհրդի հետ նախնական կոնսուլտացիաներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է նախնական առաքելություն ուղարկի Ուկրաինա, և այդ առաքելության արդյունքները պետք է հիմք դառնան ՄԱԿ-ի ԱԽ-ում բանավեճերի և որոշման ընդունման համար:

 

 

Որոշումն ընդունելուց հետո կձևավորվեն ուժեր և կիրականացվի համապատասխան լոգիստիկական ապահովում: Այն դեպքում, եթե դա լինի ԵՄ-ի և ՄԱԿ-ի համատեղ առաքելությունը, ես հանդես կգամ այդ առաքելության մեջ եվրոպական գերակշռող բաղադրիչի օգտին»,-ասել է նախարարը:

 

 

«Մենք ունենք այդ առաքելության մանդատի տեսլականը, բայց առանձին և շատ հստակ ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանի՝ որպես «ագրեսոր երկրի» ներկայացուցիչները չպետք է մասնակցեն այդ առաքելությանը, քանի որ այդ հարցը վերաբերում է ոչ միայն առաքելության նկատմամբ վստահությանը և նրա արդյունավետությանը, այլև, ընդհանուր առմամբ, սկզբունքների ու արժեքների հարց է և միջազգային իրավունքի պահպանման հարց»,-հայտարարել է Կլիմկինը:

 

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի ԱԳ նախարարը հավելել է, որ խաղաղապահները հանրապետությանն անհրաժեշտ են Մինսկի համաձայնությունները կատարելու համար: