«Իսլամական պետության» ահաբեկիչներն ավելի քան 90 անձանց են առևանգել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող 2 գյուղից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթրինգի սիրիական կենտրոնը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Թել Շամիրամ և Թել Հարմազ գյուղերում, որտեղ բնակվում են ասորի քրիստոնյաներ: Գյուղերը գտնվում են Թել Թամար գյուղաքաղաքի շրջակայքում, որտեղ թեժ բախումներ են ընթանում քրդական ինքնապաշտպանական ուժերի և ԻՊ-ի ահաբեկիչների միջև:
Ավելի վաղ ԻՊ-ն զանգվածային սպանություն էր իրականացրել Լիբիայում 21 ղպտիների նկատմամբ: Հրեշային արարքը մեծ աղմուկ էր բարձրացրել ողջ աշխարհում: Ի պատասխան եգիպտացիների սպանության' եգիպտական օդային ուժերը հարվածներ էին հասցրել Լիբիայում ԻՊ-ի դիրքերին՝ ոչնչացնելով 100-ից ավելի ահաբեկիչների:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն է կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է կայացվել խմբավորման անվանումը փոխելու վերաբերյալ, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: