ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մեկ տարով՝ մինչև 2016թ. փետրվարի 26-ը, երկարաձգել է պատժամիջոցների կիրառումը Եմենի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, բանաձևը փետրվարի 24-ին արժանացել է Անվտանգության խորհրդի 15 անդամ-երկրների հավանությունը:

 

Պատժամիջոցները վերաբերում են հարձակումներին մասնակցող անձանց, որոնք սպառնալիք են ներկայացնում Եմենի կայունության ու անվտանգության համար:

 

Եմենում պատժամիջոցներ են սկսել կիրառել նախորդ տարվա փետրվարից: Նոյեմբերին այդ ցուցակում են հայտնվել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդ Ալահ Սալեհը և շիա ապստամբների 2 ղեկավարներ՝ Աբդ ալ Հալիկ ալ Հոուշին և Աբդ Ալլահ ալ Հաքիմը:

 

Եմենն այժմ գտնվում է շիա ապստամբների ձեռքում, ովքեր ստիպել էին երկրի նախագահին և վարչապետին հրաժարական տալ: Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին նախօրեին հետ է վերցրել հրաժարականի իր խնդրագիրը:

 

Փետրվարի 15-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել՝ շիաներից պահանջելով ազատել գրաված պետական կառույցները և բանակցությունների սեղանի շուրջ նստել: ՄԱԿ-ը պահանջել էր անհապաղ դադարեցնել բոլոր տեսակի բռնությունները՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում հետագա քայլեր կձեռնարկվեն: