ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ռուսական իշխանություններին կոչ է արել գտնել և արդարադատությանը հանձնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեղավորներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Ցնցված ու վշտացած էի՝ իմանալով Մոսկվայի կենտրոնում ռուս նախկին առաջին փոխվարչապետ Բորիս Նեմցովի դաժան սպանության մասին: ԱՄՆ-ը ռուսական իշխանություններին կոչ է անում գործել արագ, գտնել մեղավորներին ու հանձնել արդարադատությանը: Մեր միտքը ռուս ժողովրդի, Նեմցովի ընտանիքի ու ընկերների հետ է, մենք ողբում ենք նրա մահը»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

 

Քերին նշել է, որ Նեմցովը «իր կյանքը նվիրել է ավելի ժողովրդավար, ավելի բարգավաճ և բաց Ռուսաստանին, ինչպես նաև Ռուսաստանի և նրա հարևանների ու գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամրապնդմանը»: