ՄԱԿ-Հաբիթաթը մշակում է քաղաքային և տարածական պլանավորման միջազգային նոր սկզբունքներ, որոնք պիլոտային ծրագրով կկիրառվեն նաև Հայաստանում: Սկզբունքներն ուղղված են քաղաքաշինության և տարածական պլանավորման նորագույն մեթոդների ներդրմանն ու բնակավայրերի կայուն զարգացմանը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը հայտնեց, որ ՄԱԿ-Հաբիթաթը վերջերս է մշակել նոր ուղեցույց, որտեղ ներառված է քաղաքային պլանավորման նորագույն մեթոդոլոգիան:

 

«Մենք կլինենք առաջին երկրներից մեկը, որտեղ կազմակերպությունը կփորձի որպես պիլոտային ծրագիր կիրառել այն: Այսօր էլ կլոր սեղանների ժամանակ մասնագետների հետ պիլոտային ծրագրի նպատակահարմարության հարց ենք քննարկել: Հաբիթաթի մշակած մեթոդաբանությամբ բարձրացվում է տարածական պլանավորման դերը, որը մարդկանց բարեկեցության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Ուղեցույցում նշված են այն մեթոդները, որոնք ավելի կիրառական են և նպաստում են տարածքի կայուն զարգացմանը»,- ասաց Ալավերդյանը: Նա նշեց, որ կփորձեն Հայաստանում կիրառել այդ սկզբո ւնքները, ընդլայնել կանաչ տարածքները և նաև բնապահպանական հարցեր լուծել:

 

ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային խորհրդատու Պաուլիուս Կուլիկաուսկասը տեղեկացրեց, որ Հայաստանի համար նախատեսված ծրագիրը մշակվելու է աշխատաժողովից հետո: «Դրա հաստատումը կլինի ապրիլի վերջին, երբ կանցկացվի ամփոփիչ նիստը: Երբ սկզբունքները հստակեցվեն, ՄԱԿ-ը կաշխատի որոշ թվով երկրների հետ: Կփորձեն այդ երկրներում տեղայնացնել այդ սկզբունքները»,- ասաց նա: Կուլիկաուսկասը հայտնեց, թե չեն ցանկանում, որ իրենց առաջարկած սկզբունքները լինեն միայն թղթի վրա, այլ ուզում են տեսնել դրանց կիրառումը:

 

1996 թ. Ստամբուլում կայացած «ՀԱԲԻԹԱԹ -2» ՄԱԿ-ի համաժողովում ընդունվեց հռչակագիր և գործողությունների ծրագիր, որին միացավ նաև Հայաստանը: Դրանից հինգ տարի անց կայացավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջան, որի ժամանակ Հայաստանն իր գերակայությունների շարքում ներառեց նաև մինչև 2015թ. բնակչության բնակարանային պայմանների բարելավումը, քաղաքաշինության կայուն զարգացման ապահովումը, գյուղ-քաղաք կապի զարգացումը, բնակչության համար աշխատելու և ապրելու արժանավայել պայմանների ստեղծումը: