Ինչպես արդեն տեղեկացրել էր Լուրեր.com-ը, երեկ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական ուժերի հետ:

 

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

 

Հանդիպումը մեծ իրարանցում առաջացրեց համացանցում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կոշտ քննադատության ենթարկեց Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի այցը Բաղրամյան 26:

 

«Հավանաբար, գնացել են՝ որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: «Ժառանգության» հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»,- ասել էր պատգամավորը:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Եթե որևէ մեկը կարծում է, որ ես առանց Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ քայլ կկատարեմ՝ սխալվում է»: 

 

Մարտիրոսյանն, անդրադառնալով նաև այն հարցին, թե հնարավո՞ր է կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվի, ասաց. «Եթե ես կուսակցական որևէ որոշում խախտած կլինեմ, ոչ միայն այս պահին, այլ ընդհանրապես՝ թող հեռացնեն, ես ամբողջությամբ կընդունեմ մեղքս»: