Շիրակի մարզի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ և Սարակապ համայնքներում համայնքապետի ընտրություններ են անցկացվում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքնային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը ընտրական տեղամասերում ընտրությունները մեկնարկել են ժամանակին: Բողոքներ կամ միջադեպեր, այս պահի դրությամբ, դեռ չեն գրանցվել: Ի դեպ, բոլոր համայնքներում առաջադրված թեկնածուներից 1-ը համայնքի գործող ղեկավարն է:
Հառիճում միակ թեկնածուն անկուսակցական Ռոլանդ Նորայրի Նազարեթյանն է, Անուշավանում' անկուսակցական Երվանդ Գեղամի Հակոբյանը, իսկ Սարակապում ԲՀԿ ներկայացուցիչ Արծրուն Օրջոնիկի Խաչատրյանը: Բոլոր համայնքներից միայն Արփենիում է թեկնածուն առաջադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, մյուսներում գրանցվել են ինքնառաջադրումներով:
Համայնքներից Արփենին և Կարմրավանն ընդգրկված են թիվ 33, իսկ մյուսները թիվ 36 ԸԸՀ-ի կազմում: Ըստ նախնական ընտրական ցուցակների Անուշավանն ունի՝ 1564, Արփենին' 273, Կարմրավանը՝ 197, Հառիճը՝ 884, իսկ Սարակապը 454 ը նտրող: