Ծաղկաձորում մարտի 20-ին մեկնարկել են գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀԿ' մարզերը ներկայացնող երիտասարդների վերապատրաստման եռօրյա դասընթացները' «Քաղաքական առաջնորդություն» թեմայով:

 

 

Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, ծրագրի մեկնարկը տրվել է ԿԱՀ Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիանա Մարուքյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում ներկայացվել է հիմնադրամի գործունեությունը, հիմնադրման նպատակները և առաջադրված խնդիրները:

 

 

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, ով իր խոսքում կարևորել է մարզերի կուսակցական երիտասարդների ներգրավվածությունը նման նախաձեռնություններում, ինչպես նաև ևս ընդգծել այն փաստը, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի այս դասընթացը նախատեսված է բացառապես ՀՀԿ երի տասարդական կազմակերպության անդամների համար: Նա հայտնել է նաև իր գոհունակությունը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ երկար տարիների սերտ համագործակցության համար և արդյունավետ աշխատանքային օրեր մաղթել մասնակիցներին:

 

 

Նախաբանին հաջորդել է ծրագրի առաջին դասախոսությունը' «Արժանահավատ և համոզիչ ճառը' որպես հաջողակ առաջնորդության գրավական» թեմայով, որն անցկացրեց ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որն ուղեկցվել է «Հռետորությունը կուսակցական առօրյայում» թեմայով փոքրիկ խմբերով աշխատանքով: Հաջորդ դասախոսությունը' «Քաղաքական և կուսակցական առաջնորդություն» թեմայով, ինտերակտիվ մթնոլորտում վարել է ԵՊՀ «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» ամբիոնի դոցենտ, դոկտոր Ալեն Ղևոնդյանը:

 

 

Ծրագրային առաջին օրվա համար նախատեսված է ևս մեկ դասախոսություն, որը կանցկացնի ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, դոկտոր Նվարդ Մելքոնյանը' «Քաղաքական իմիջմեյքինգ» թեմայով: