Սահմանամերձ գյուղական համայնքներում այսօր առկա է զբաղվածության խնդիրը։ «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը փետրվարին ուսումնասիրություններ է իրականացրել մարզի համայնքներում, որոնց արդյունքում պարզվել է, որ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերում կա սպասարկման ոլորտի մասնագետների (վարսահարդարների, դիզայներների և այլն) պահանջարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խնդիրը լուծելու համար «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, Ռինդ, Չիվա և Ելփին սահմանամերձ գյուղերում իրականացնում է վարսահարդարման և դիզայներական դասընթացներ։

 

«Արհեստը սահմանամերձ գյուղական համայնքների զարգացման գրավական» ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանը նշել է, որ դասընթացների շրջանակներում ընդգրկվել է 75 երիտասարդ։ Մարզի սոցիալական ծառայության հետ համագործակցության արդյունքում ընտրվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները։ Դասընթացավարները շաբաթական 2 օր պարբերականությամբ Եղեգնաձորից մեկնում են գյուղեր, որտեղ էլ իրականացվում են պարապմունքները։ Սյուզան Մարգարյանը նշել է, որ «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն տարբեր դասընթացնե ր անցկացնելու փորձ ունի, և իրենց այդ գործունեությունը մեծ արձագանք է ստացել համայնքներում։ Շատ երիտասարդներ, նոր մասնագիտական հմտություններ ստանալով, արհեստներ սովորելով, կարողացել են աշխատանք գտնել։ «Երիտասարդներն իրենք են խնդրել, որպեսզի այնպիսի դասընթացներ կազմակերպվեն, որոնց պահանջարկը համայնքում կա։ Օրինակ, Չիվա գյուղում չկա վարսահարդար, սահմանամերձ գյուղերից էլ գալիս են մարզկենտրոն՝ հարսանիքների համար տարոսիկներ, հարսանեկան աքսեսուարներ, ծաղկեփնջեր և այլ պարագաներ գնելու համար։ Խնդիրը լուծելու համար որոշեցինք այս անգա մ հենց այդ արհեստները սովորեցնել»,- ասել է ծրագրի համակարգողը։

 

Սյուզան Մարգարյանը ընդգծել է, որ դասընթացի մասնակիցներն արդեն իսկ իրենց յուրացրածը կիրառում են առօրյայում՝ տան անդամների, համագյուղացիների վարսերը հարդարելով։ Նա համոզմունք է հայտնել, որ այդպիսով շատ երիտասարդներ աշխատանք կգտնեն և կհոգան իրենց ապրուստը։