Լեհաստանի Գդանսկ քաղաքի Հայկական նրբանցքում գտնվող Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու շրջակայքում տեղակայված հայկական խաչքարի մոտ Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչի կողմից մարտի 20-ին հոգեհանգստի կարգ է մատուցվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո տեղի է ունեցել մոմավառություն ու ծաղկ եպսակների զետեղման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Գդանսկի քաղաքային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդի ուղեկցությամբ դեսպան Ղազարյանը շրջայց է կատարել Սուրբ Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցու տարածքում, ծանոթացել եկեղեցու վերանորոգման ծրագրին և գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

 

Նույն օրը Գդանսկի պատմության թանգարանում մեկնարկել է Լեհաստանում բնակվող ճանաչված հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի «Ծաղիկների ջրվեժ» խորագրով նկարների ցուցահանդեսների շարքը' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսն իրականացվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Գդանսկի քաղաքապետարանի հովանու ներքո:

 

Միջոցառմանը ներկա են եղել դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչը, Հայ կաթողիկե եկեղեցու Հյուսիսային թեմի առաջնորդ Ցեզարի Անուսևիչը, Գդանսկի քաղաքապետարանի, Գդանսկում և հարակից բնակավայրերում ապրող հայ համայնքի, հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնադրամների ներկայացուցիչներ, լրագրողներ:

 

Ցուցահանդեսում ներկայացված 100 նկարները խորհրդանշել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ պատկերված ծաղիկների ջրվեժը՝ հայ ժողովրդի վերածնունդը: «Ծաղիկների ջրվեժ» խորագրով 10 ցուցահանդեսներ կազմակերպվելու են նաև ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրոպայի մի շարք քաղաքներում և ավարտվելու են Հայաստանում:

 

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով ելույթ են ունեցել դեսպան Ղազարյանը, Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը և Գդանսկի պատմության թանգարանի տնօրեն Ադամ Կոպերկիևիչ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել Գագիկ Պարսամյանին՝ հրաշալի և նրբագեղ նկարների, հայ-լեհական մշակութային կապերի ամրապնդման գործում ցուցաբերած իր հոգատարության և գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար: