Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում մարտի 4-ին կբացվի հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված' «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Հայաստանի Հանրապետությունից ցուցահանդեսին կներկայացվի 26 ցուցանմուշ' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ (6 նմուշ), «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (2 նմուշ) և Հայաստանի պատմության թանգարան (18 նմուշ): Ցուցահանդեսին ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և նմուշներով կմասնակցի Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություն' Վենետիկի, Ջենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը' 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով:

 

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Այն կգործի մինչև 2015թ. մայիսի 3-ը: