Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում ապրիլի 4-ին կայացել է «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում» խորագրով միջոցառում' նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել են Ցեղասպանությունից փրկվածների և Վրաստանում ապաստանածների ժառանգների պատմությունները՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն:
Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին փակցված լուսանկարները ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների չորս սերնդի 34 ժառանգների, որոնց միավորել է հայկական գենը և հայ ազգի նկատմամբ ոճրագործությունը:
Ցուցադրությունը հետաքրքրությամբ են դիտել և պատմություններն ընթերցել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, հոգևոր հայրերը, թբիլիսահայ համայնքի անդամներ, հասարակայնության բազմալեզու ներկայացուցիչները, Ախալցխայից հատուկ ժամանած հայ համայնքի անդամները:
Ողջունելով ներկաներին' Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը անդրադարձ է կատարել ցուցադրության նպատակին, տարբեր մահասարսուռ և հուզումնալից պատմությունները վերհանելով հիշել Ցեղասպանությունը, դատապարտել ոճրագործությունը և պահանջել հատուցում:
Բոլոր ելույթ ունեցողները՝ Վան Բայբուրթյանը, Կարեն Մելիքյանը, Ենոք Թադևոսյանը, Հենրիխ Մուրադյանը, Յուրի Մեչիտովը, Ջիովանի Վեփվախեն, Ռուբեն Ռուխկյանը, Սամվել Մկրտչյանը, Անահիտ Բոստանջյանը, Վիկտորյա Մաքսոևան, Իրենա Օհանջանովան, արժևորել են հեղինակի մտահղացումը՝ վերապրածների պատմություններով աշխարհին ցույց տալ կատարված ոճրագործությունը և հայ մարդու տեսակը և հայկական գենի հզորությունը: Իր ապրումներն ուսուցչուհի Մանանա Կարապետյանն արտահայտել է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված արտասանելով:
Երախտագիտություն հայտնելով Վիրայոց թեմի առաջնորդին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը աջակցության համար' լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանը ցուցահանդեսը անվանել է իր ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում' հայտնելով այն Ջավախքում և քաղաքամայր Երևանում ցուցադրելու իր նպատակի մասին:
Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխելով ներկաներին' կարևորել է սփյուռքահայության դերն ու նշանակությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և այն դատապարտելու գործում: Սրբազան Հայրը կոչ է արել հիշելով նահատակներին' պատասխանատվություն պահանջել ցեղասպանությունը կազմակերպող երկրից, նաև երախտապարտ լինել այն ազգերին ու ժողովուրդներին, որոնք ապաստան տվեցին փրկվածներին, ում օգնությամբ վերապրածների ժառանգները շարունակում են ապրել, արարել և գործել Մայր հայրենիքի և իրենց ապաստանած երկրի բարգավաճման համար:
Որոշվել է ցուցահանդեսի լուսանկարները և կցված պատմությունները հրատարակել առանձին գրքով: