Եվրամիության հանձնաժողովի' Եվրոպական հարեւանության ծրագրի երկրների հետ կապված մարտի 25-ին հրապարակած զեկույցում, որում անդրադարձ է կատարվել 2014 թվականին այդ երկրներում գրանցված թերություններին եւ ձեռք բերված հաջողություններին, Ադրբեջանին վերաբերող հատվածում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կոչ է արվել պաշտոնական Բաքվին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը' նշելով, որ զեկույցում Եվրամիությունը հայտնում է, որ Ադրբեջանում դեպի ժողովրդավարություն անցման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բնագավառում կտրուկ հետընթաց է տեղի ունեցել:

 

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում խստորեն սահմանափակվել են քաղաքացիական հասարակական կազմակերպությունների գործունեությունը, մի շարք ճանաչված իրավապաշտպաններ կալանվել են, մյուսներին արգելվել է ելքը երկրից եւ սառեցվել նրանց բանկային հաշիվները:

 

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանությանը կոչ է արել բարելավել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում իրավիճակը եւ քաղաքացիական հասարակության համար ավելի լավ քաղաքական ու իրավական պայման ստեղծել:

 

Փաստաթղթում նաեւ անհանգստություն է հայտնվում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լարման, շփման գծում տեղի ունեցող զինված միջադեպերի եւ կորուստների առնչությամբ: