Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդհատել է այցը Ռումինիա եւ վերադառնում է երկիր: Պատճառը Թուրքիայում վերջին ահաբեկչական գործողություններն են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը' նշելով, որ Էրդողանը Թուրքիա կվերադառնա այս գիշեր:

 

Երեկ կեսօրին Թուրքական ձախ արմատական խմբավորման զինված անձինք ներխուժել են Ստամբուլի դատախազություն, 6-րդ հարկի իր առանձնասենյակում պատանդ վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Նրանք պահանջել են ձերբակալել անչափահասի զոհվելու մեջ մեղավոր ոստիկաններին: Միջադեպին միջամտել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, ինչի արդյունքում գլխից վիրավորված դատախազը հիվանդանոցում մահացել է: Ենթադրվում է, որ Էրդողանը Ստամբուլ է շտապում մասնակցելու զոհված դատախազի հուղարկավորությանը եւ ցավակցելու նրա ընտանիքին:

 

Ստամբուլի ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ տվյալ գործի հետաքննության շրջանակում արդեն 22 մարդ են ձերբակալվել:

 

Բացի այդ, Ստամբուլի Քարթալ արվարձանում այսօր զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) շտաբի գրասենյակի վրա: Ըստ թուրքական մամուլի' չբացահայտված երկու զինված անձինք ներխուժել են AKP-ի շտաբ, բոլոր աշխատակիցներին ստիպել դուրս գալ շենքից, հետո բարձրացել են 7-հարկանի շենքի վերջին հարկ, ջարդել լուսամուտներից մեկը եւ կախել թրի պատկերով թուրքական դրոշ:

 

Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել հանցագործներին: Վերջիններիս նման գործողություն կատարելու պատճառը չի նշվում: