Հունաստանը համաձայնել է ապրիլի 9-ին վճարել Արժույթի միջազգային հիմնադրամի հանդեպ պարտքի հերթական մասնաբաժինը եւ ապրիլի 6-ին քննարկում սկսել տնտեսական քաղաքականության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը՝ ամփոփելով Հունաստանի ֆինանսնե րի նախարար Յանիս Վարուֆակիսի հետ ապրիլի 5-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները:
«Մենք նշեցինք, որ շարունակվող անորոշությունը Հունաստանի շահերից չի բխում: Ես ողջունեցի նախարարի կողմից հաստատված վճարումը հիմնադրամին, որը պլանավորված է ապրիլի 9-ին»,- ասված է Լագարդի հայտարարության մեջ:
«Ես շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ նախարարը մտադիր է բարելավել Աթենքում աուդիտ իրականացնելու հարցում Հունաստանի իշխանությունների հետ աշխատելու տեխնիկական փորձագետների հնարավորությունները եւ ընդլայնել Բրյուսելում փորձագետների թիմերի հետ քաղաքական հարցերի շուրջ քննարկումները»,- նշել է Լագարդը:
Նրա խոսքով՝ հիմնադրամը նախկինի պես մտադիր է աշխատել Հունաստանի իշխանությունների հետ, որպեսզի օգնի երկրին՝ վերադառնալու աճի:
Հունաստանը շուրջ 240 մլրդ եվրո կայունացնող վարկեր է ստացել ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից: Երկրի նոր ձախ արմատական կառավարությունը, որն իշխանության է եկել ընթացիկ տարվա սկզբին, վեցամյա տնտեսական անկման ֆոնին, հայտարարել է վարկային ծրագիրը վերանայելու մտադրության մասին, ինչին ընդդիմանում են վարկատուները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: