Իրաքի տարածքում իրենց բնակավայրերն ստիպված լքած իրաքցիների թիվը հասել է 3 միլիոնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցներն, այս մասին հայատարարել է Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մուտլակը: «Այդ մարդիկ ներկայացնում են իրաքյան ավելի քան 538 հազար ընտանիք»,- նշել է նա:

 

Մուտլակի խոսքով՝ Իրաքի ֆինանսների նախարարության կողմից տրամադրված 1 միլիարդ դոլարից 600 հազարն արդեն ծախսվել է կարիքավոր իրաքցիների համար: Նշված գումարը, նրա կարծիքով, բավական չէ կարիքավորներին օգնելու համար, քանի օր գաղթականների թիվը գնալով ավելանում է:

 

Ավելի վաղ Իրաքի Նախագահ Ֆուադ Մաասումը կոչ էր արել դոնոր երկրներին օգնություն ցուցաբերել Իրաքում կարիքավոր բնակիչներին օգնելու համար:

 

«Սոմարիա նյուզ»-ի տեղեկացմամբ՝ իրաքյան ուժերը ռազմական գործողություններ են սկսել՝ ազատագրելու համար Ռազմադի քաղաքի Սիջարիա շրջանը: Բախումներն ընթանում են շրջանի չորս կողմերում: Արդեն իսկ տասնյակ ահաբեկիչներ փախուստի են դիմել, և իրաքյան ուժերն առաջընթաց են գրանցել:

 

Բախումներն ԻՊ-ի դեմ շարունակվում են Թիքրիթի մերձակայքում, որտեղ 34 ահաբեկիչներ են սպանվել:

 

«Իսլամական պետությունը», նախորդ տարվա ամռանը հարձակում գործելով Իրաքի վրա, գրավել է երկրի տարածքի մեկ երրորդը: ԻՊ-ի հարձակումների հետևանքով Իրաքում դրությունը կտրուկ վատացել է: Դրան զուգահեռ, իրաքյան ուժերին հաջողվել է մարտի 31-ին ազատագրել Թիքրիթ քաղաքը: Այժմ իրաքյան ուժերը պատրաստվում են ազատագրել Մոսուլը: Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին և Քրդստանի Նախագահ Բարզանին համաձայնության են եկել համատեղ ուժերով պայքարել ԻՊ-ի դեմ:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: