ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Պանամայի մայրաքաղաք, որտեղ ապրիլի 10-11-ին կմասնակցի «Ամերիկաների գագաթնաժողովին», որին ներկա կլինեն 33 պետությունների ղեկավարներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Բազմաթիվ դիտորդների կարծիքով՝ գագաթնաժողովի ամենասպասվող իրադարձություններից մեկը կդառնա Օբամայի եւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հանդիպումը, թող որ ոչ «դեմ առ դեմ» ձեւաչափով, այլ համաժողովի շրջանակներում:

 

Օբամային սպասում են գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող երկու համաժողովներում՝ Ձեռնարկատերերի համաժողովում եւ Քաղաքացիական հասարակության համաժողովում:

 

«Ամերիկաների գագաթնաժողովներն» Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո անցկացվում են 1994 թվականից: Այդ կազմակերպությունն ինքը գոյություն ունի 1948 թվականից եւ միավորում է Արեւմտյան կիսագնդի բոլոր 35 երկրները:

 

Յոթերորդ գագաթնաժողովի հիմնական թեման, որը կարող է դառնալ տարածաշրջանի քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունը, հայտարարված է «Ամերիկաների երկրներում բարգավաճման, իրավահավասարության եւ համագործակցության» խնդիրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: