Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերստին հերքել է ընդդիմության այն պնդումները, թե ինքը երկիրը կառավարում է կուլիսներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Հանրապետության առաջատար ընդդիմադիր ուժերը, ներառյալ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը, ինչպես նաեւ նախկին փոխվարչապետ Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» ներկայում ընդդիմադիր կուսակցությունը, քանիցս հայտարարել են, որ երկրում որոշումներն ընդունում է Իվանիշվիլին:

 

«Կառավարությունը ղեկավարում է վարչապետը, նախարարները կատարում են իրենց գործառույթները: Շատ հազվադեպ են ինձ զանգահարում եւ խորհուրդ հարցնում: Դա նորմալ է: Ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում: Ես նրանց կառավարելու ոչ մի լծակ չունեմ: Նրանցից ոչ մեկը, ովքեր այսօր կառավարությունում են, իմ ազգականը չեն, եւ ես նրանցից ոչ մեկի հետ ընկերություն չեմ արել»,- նշել է Իվանիշվիլին:

 

Մինչդեռ, ինչպես մարտին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ Դավիթ Ուսուպաշվիլին, Իվանիշվիլին, չնայած քաղաքականությունից հեռանալուն, պահպանել է ազդեցությունը երկրում, եւ նրա կարծիքը սոսկ շարքային քաղաքացու դիրքորոշում չէ:

 

Բացի այդ, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել է, որ երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ թե կուլիսներից: Նա այդպես է մեկնաբանել 2014 թվականի նոյեմբերի սկզբին պաշտպանության նախարար Ալասանիայի պաշտոնաթողությունը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, նախագահը հայտարարել է, թե Իվանիշվիլին պարտավոր է հրապարակավ հայտարարել, որ ազդեցություն ունի երկրի քաղաքական գործընթացների վրա: