Գեղարքունիքի մարզում այս տարվա ապրիլի առաջին կեսի դրությամբ դեռեւս չիրացված է մնում մոտ 2500 տոննա պարենային կարտոֆիլ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, տնտեսությունները բերքը պահել են՝ գարնանն ընդառաջ այն ավելի թանկ վաճառելու ակնկալիքով, սակայն մինչ այժմ եղած շուկայական գները դրանք չեն արդարացրել:
«Առայժմ կարտոֆիլն իրացվում է ներքին շուկայում, մեկ կիլոգրամը 90-100 դրամ արժեքով: Թե ինչ կլինի առաջիկայում կարտոֆիլն արտահանելու ուղղությամբ, դժվար է ասել: Ամեն դեպքում այս պահի դրությամբ տուժել են այն տնտեսությունները, ովքեր անցած աշնանը տեղում չվաճառեցին բերքը, երբ այն գնվում էր մինչեւ 200 դրամով»,- նշեց վարչության պետը:
Պարենային կարտոֆիլի ավելի նկատելի քանակություն պահպանվել է Մարտունու եւ Գավառի տարածքների տնտեսություններում:
Խոսրով Խլղաթյան