Երկրաշարժից տուժած Նեպալի որոնողական ծառայությունները ձնահյուսքի տակ գտել են առնվազն 50 ալպինիստների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների մարմիններ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ ավելի վաղ չէին կարող հասնել այդ շրջանին` չդադարող անձրևների և մառախուղի պատճառով:
Ձնահյուսքի շրջանում որոնողական աշխատանքները կշարունակվեն նաև այսօր, քանի որ դեռ 200 մարդ համարվում է անհետ կորած:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել է, որ ողջ մարդասիրական օգնությունը, որ հասնում է Նեպալ Կատմանդուի օդանավակայանով, պետք է ազատվի մաքսային ստուգումից:
ՄԱԿ-ը անհրաժեշտ է համարում, որ Նեպալի իշխանությունները մեղմացնեն գործող մաքսային կանոնները` հեշտացնելու համար երկիր մարդասիրական օգնության մատակարարումը: RBK-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջեյիմի Մաքգոլդրիկը:
Այնուամենայնիվ, Կատմանդուի իշխանությունները նշում են, որ բոլոր բեռները պետք է անցնեն ստանդարտ ստուգում, ինչպես նաև դժգոհում են, որ մարդասիրական բեռներից շատերում բացակայում են առաջին անհրաժեշտության ապրանքները։