Նեպալում մայիսի 12-ին տեղի ունեցած 7,3 մագնիտուդով նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 96-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Նեպալի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Քամալ Սինգհ Բանը: «Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 96 մարդ, տուժել է 2563 բնակիչ»,- ասել է նա:

 

Բանի խոսքով՝ «ներկայումս մեծ թվով մարդիկ մնում են բաց տարածքներում: Միևնույն ժամանակ շատերն սկսել են վերադառնալ իրենց տներ, որոնք արդեն մասնագետների կողմից ստուգվել են դրանց վնասվածքները պարզելու նպատակով»:

 

Նեպալում նոր երկրաշարժը գրանցվել է մայիսի 12-ին UTC ժամանակով ժամը 07:05-ին (Երևանի ժամանակով ժամը 11.05-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Կատմանդուից 83 կիլոմետր արևելք ընկած շրջանում, օջախը՝ 18,5 կմ խորության վրա: Սեյսմոլոգները 7,3 մագնիտուդով նոր երկրաշարժից հետո գրանցել են տասնյակ հետցնցումներ: Ինչպես նշել են Հնդկաստանի օդերևութաբանական դեպարտամենտում, հետցնցումների մագնիտուդը կազմել է 3,1-ից մինչև 6,2:

 

Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 8 հազար մարդ, տուժել են ևս շուրջ 18 հազար բնակիչներ: Ավերվել է ավելի քան 300 հազար շենք, վնասված շենքերի թիվն անցնում է 254 հազարից: