Նեպալում մայիսի 12-ին տեղի ունեցած 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնին:

 

«Մենք տեղեկություն ունենք 65 զոհի և 1.926 տուժածի մասին»,- նշվում է կենտրոնի Twitter-ի էջում:

 

Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում, որտեղ աշխատանքը դադարեցրել են Նյու Դելիի և Կալկաթայի մետրոպոլիտենները: Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 17 զոհի մասին, որոնցից 16-ը' Բիհար նահանգից:

 

Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 83 կմ դեպի արևելք:

 

Սա վերջին շրջանում Նեպալում գրանցված երկրորդ հզոր երկրաշարժն է: Նախորդը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին: Այդ ժամանակ աղետի զոհ էր դարձել ավելի քան 8.000 մարդ: