«Իսլամական պետության» ահաբեկիչներն Իրաքում հաշվեհարդար են տեսել լրագրողուհու հետ, ով հրաժարվել է իրենց հավատարմության երդում տալուց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, լրագրողուհի Ֆիրաս ալ Բահրիի սպանությունը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքում:
Քուրդ լրագրող Աքրամ Սուլեյմանի խոսքով՝ ալ Բահրին շուրջ երեք շաբաթ առաջ գերի էր ընկել ԻՊ-ի ահաբեկիչների մոտ:
«Ահաբեկիչները Մոսուլում հաշվեհարդար են տեսել լրագրողների ընտանիքի հետ: Եվս տասը լրագրող գերի է ընկել նրանց մոտ»,- նշել է նա:
Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր 2014թ.-ի հունիսին «Իսլամական պետության» ահաբեկիչների ներխուժումից հետո: Կարճ ժամանակում ահաբեկիչները գրավել էին Մոսուլ քաղաքը, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է Իրաքում, ինչպես նաև բազմաթիվ շրջաններ: Ահաբեկիչները դաժան բռնությունների ու սպանությունների են ենթարկել խաղաղ բնակիչներին' շիաներին, սուննիներին, քրդերին, եզդիներին, քրիստոնյաներին: Արդյունքում Իրաքի մեկ երրորդ մասը հայտնվել է ԻՊ-ի ձեռքում:
Իրաքյան օդային և ցամաքային ուժերը քրդական ուժերի և միջազգային դաշինքի հետ պայքարում են ԻՊ-ի դեմ: