Իրաքում սպանվել է դահիճներից մեկը, ով մասնակցել էր Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի մահապատժի իրականացմանը:

Ինչպես հայտնել է Իրաքում արգելված «Բաաս» արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը, խոսքը Մուհամմեդ Նասիֆ ալ Մալիքիի մասին է, ում գրոհայինները ճանաչել էին Հուսեյնի մահապատժի տեսահոլովակի միջոցով. գրում է Podrobnosti-ն:

Կադրերում երևում է, թե ինչպես է նա փորձում Հուսեյնին սև դիմակ հագցնել և հաջողության չհասնելով' նրան տանում դեպի կախաղան:

Սադամ Հուսեյնին կախաղան հանելուց հետո ալ Մալիքին բանջարեղեն վաճառողից վերածվեց վարչապետի թիկնապահ ծառայության աշխատակից և ստացավ սերժանտի կոչում. վստահեցնում են գրոհայինները:

«Բաաս»-ի տվյալներով' հարձակումը տեղի էր ունեցել Բաղդադի հարավում գտնվող Էլ Յուսուֆիա քաղաքում:

Հիշեցնենք, որ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը կախաղանի միջոցով մահվան էր դատապարտվել 2006թ. դեկտեմբերի 30-ին:

Իրաքի դատարանը նրան մահվան էր դատապարտել 1982-ին Էլ Դուջեյլ գյուղի 148 բնակիչների նկատմամբ իր վրա կատարած հարձակումից հետո հաշվեհարդար տեսնելու համար: