Նախընտրական քարոզարշավի ընթացքում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում անցկացված հանարհավաքի ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է ևս մեկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

 

Պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած Ալի Թուրքմենը մահացել է այն հիվանդանոցում, որտեղ շարունակում էր բուժվել կատարվածից հետո:

 

 

Նրա մահվանից հետո Դիարբեքիրի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի:

 

 

Ավելի վաղ հիվանդանոցում մահացել էր 17-ամյա Ջիվան Արսլանը: Պայթյունի ժամանակ զոհվել էին նաև 34-ամյա Շեյմուհ Քաչանը, 47-ամյա Նեջաթի Քուրուլը և 16-ամյա Ռամազան Յըլդըզը: Հունիսի 5-ին որոտացած երկու պայթյունի հետևանքով վիրավորվել էր շուրջ 400 մարդ:

 

 

Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում ձերբակալվել էր պայթյունն իրականացրած անձը, ով, ինչպես պարզվել էր ավելի ուշ, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպության անդամ էր և հատուկ եկել էր Դիարբեքիր պայթյունը կազմակերպելու համար: