Հալեպի հայաշատ թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ ընկնելու հետևանքով ևս մեկ հայուհի է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը Արաքսի Արուշյան-Խաչատուրյանն է: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զոհվել էր նրա քույրը՝ Ազնիվ Արուշյանը:
Աղբյուրը տեղեկացրել էր, որ նախօրեին զոհերից մեկը Սոնա Պալըքյանն է: Նա զոհվել է Ջալաա թաղամասում հրասանդի պայթյունի հետեւանքով: Նոր Գյուղ թաղամասում վիրավորված Գեւորգ Գալեմքերյանը եւս մահացել էր հիվանդանոցում: Հրասանդներ ընկնելու հետևանքով վիրավորվել են Ջուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշչյանը, Հակոբ Հակոբյանը, Րաֆֆի Այվազյանը և Հովհաննես Այվազյանը:
Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել եւ վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում եւ հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետեւանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակ են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավ երակ: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: