Հայ ազգային կոնգրեսում նախապես ընդունված որոշում կա, որ եթե ԱԺ քառօրյա նիստի օրերին կարեւոր հարցեր են լինելու, հնարավոր է քաղխորհրդի նիստը հետաձգվի, բայց նախապես պետք է զգուշացնել: Այս մասին, այսօր' փետրվարի 6-ին, ՀԱԿ գրասենյակի առջեւ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: «Մեզ չէին զգուշացրել, դա նշանակում է, որ պետք է նիստը լիներ: Դրա համար մենք էլ մեր սովորական ռեժիմով եկել էինք մասնակցելու, այնինչ նիստ չկա»,- ասաց նա' հավելելով, որ չի կարող ասել, թե այստեղ միտումնավոր բան կա: Միեւնույն ժամանակ, Պետրոս Մակեյանը հակադարձում է. «Ֆարս ընտրության արդյունքում ընտրված ԱԺ-ում այդքան կարեւոր հարցե՞ր կան այսօր, էն էլ էս ԱԺ-ում, որը թոհուբոհի մեջ չէ»,- ասաց նա:

Իսկ «Քրիստոնեական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը, ով ՀԱԿ գրասենյակ էր եկել Մակեյանի հետ, նշեց, որ միտումնավոր այլ բան է տեսնում, օրինակ այն, որ նախորդ երկու նիստերին իրեն չեն զանգահարել: «Քանի որ ինձ համար անհասկանալի է, թե երբ է կայանում քաղխորհրդի նիստը, որովհետեւ ինձ չեն զանգահարում, որոշեցի գալ, տեսնել, թե ինչ է կատարվում, այնտեղ մի երիտասարդ աղջիկ է նստած, որը մեղք չունի: Զանգում է նրանց, ում իրեն հանձնարարում են կամ էլ հանձնարարում են' սրանց չզանգել, երեւի մեկն էլ ես եմ այդ ցանկում»,- ասաց Գիմիշյանը:

Իսկ թե ինչու նրան չեն տեղեկացնում, նա կարծում է, որ երեւի վախենում են, որ կա մեկը, ով իր կարծիքը կասի, որը չի համընկնում իրենց կարծիքի հետ:

Հարցին, թե հնարավոր չէ՞ Լեւոն Զուրաբյանին եւ Լյուդմիլա Սարգսյանին փոխարինել նրանց ներկայացուցիչներով եւ քաղխորհրդի նիստը չտապալել, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, այդ արատավոր մոտեցումն է ձեւավորվել ՀԱԿ-ում, մի մարդ կարող է տապալել ցանկացած նիստ, մասնավորապես' Զուրաբյանը: Քանի որ այս հարցի քննարկումը նաեւ ուղղված է Զուրաբյանի դեմ, մասնավորապես' նիստը վարելու կանոնակարգի հետ կապված, իրեն, իհարկե, ձեռնտու չէ այս նիստը, ինքը իր աթոռից կախվել է, չի ուզում իջնել, ՀԱԿ-ում ինչքան պաշտոն կա, բոլորն իրեն է վերցրել' համակարգողի, խմբակցության ղեկավարի, բանակցությունների ղեկավարի, պաշտոնները, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղից, էն էլ վերջին մեկ տարին Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գալիս, այդ տեղն էլ է ինքը զբաղեցրել: ՀԱԿ-ում ինչքան դիրք կա, բոլորը Զուրաբյանն է, մի անկուսակցական մարդ, անծրագիր, չքաղաքականացված, բայց երբ կուզի' նիստը կլինի, երբ կուզի' չի լինի: Քաղխորհրդի նիստերին միշտ եմ ասել, որ ես եմ մեղավոր, որ այսպիսի վիճակ է»,- ասաց նա:

Հարցին, թե ավելի ազնիվ չէ՞ր լինի դուրս գալ ՀԱԿ-ից, նա արձագանքեց, որ դա էլ կլինի: Սոս Գիմիշյանը նաւ նշեց, որ եթե զգում ես, որ Կոնգրեսի ներսում մեծ ցանկություն կա, որ դու գնաս, մի տեսակ ընդդիմանում ես եւ երկարացնում ես քո գնալը, բայց գուցե գա մի պահ, որ տեսնես փրկելու բան չկա, իմաստ չկա: Պետրոս Մակեյանը եւս համաձայն էր, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ կապված քաղխորհուրդը կարող է աշխատել կամ չաշխատել: Հարցին, թե վիրավորված չե՞ք ՀԱԿ-ից, Պետրոս Մակեյանը բացասական պատասխան տվեց, նշելով, որ ՀԱԿ-ը նաեւ իրենք են, հիմնադիր կուսակցության անդամները, ղեկավարները, եթե վիրավորվեն, պետք է նաեւ իրենք իրենցից վիրավորվեն, որ թույլ են տվել նման վերաբերմունքի արժանանալ:

Կուսակցությունների ղեկավարները նշեցին, որ վաղ թե ուշ այդ փաստաթուղթը պետք է քննարկվի: Փաթեթի բովանդակությունը դեռ չեն հրապարակում, երբ կներկայացնեն ՀԱԿ քաղխորհրդին, այդ ժամանակ էլ կհրապարակեն: Իսկ նրանք պատրաստվում են հաջորդ չորեքշաբթի այն ներկայացնել ՀԱԿ քաղխորհրդի նիստին:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում, այսօր' փետրվարի 6-ին, ժամը 15.00-ին պետք է կայանար քաղխորհրդի նիստ, որի ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը պետք է ներկայացներ ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթը: Դրա կետերից մեկով առաջարկվում է՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստերի ղեկավարումը ստանձնի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am