Մեկ մարդ-կուսակցությունը կարող էր վետո դնել Հայ ազգային կոնգրեսում որոշումների վրա, եւ Կոնգրեսը գտնվում էր պարալիզացված վիճակում: Այդ մասին ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը' ՀՀՇ 18-րդ արտահերթ կուսակցության համագումարում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը:

«Մենք ստեղծել ենք մի շարժում, որը սկզբից ձեւավորվում էր որպես կուսակցությունների դաշինք, բայց շատ արագ վերաճեց եւ դարձավ համաժողովրդական շարժում: Կարծում եմ' 2008թ. ՀԱԿ դաշինքի ստեղծումը հենց դա է, որ մենք կարողացանք ներգրավել բազմաթիվ մարդկանց: Բայց հիմա արդեն ժամանակն է արձանագրելու, որ շատերը չեն կարողացել ազդել որոշումների վրա, դա հիասթափեցրել է նրանց, վանել մեզանից, այսօր նախաձեռնում ենք մի շարժում, որը թույլ կտա միավորվել միացյալ կուսակցության մեջ, որի շնորհիվ կկարողանանք շատ ավելի արդյունավետ վճռական պայքար տանել ավազակապետության դեմ»,- նշել է Զուրաբյանը:

Նրա խոսքով, իրենք արհեստական գործ չեն անում: «Այս պայքարը շատերիս համար կենսաձեւ է; Այն կուսակցությունը որ ուզում ենք ստեղծել, այն մարդկանց կուսակցությունն է, որոնց միավորում է համատեղ պայքարի հինգ տարիները»,- նշել է նա եւ հավելել. «Ցավոք, պետք է մեկ իրողություն արձանագրենք: Տեսանք, որ կարիք կա բարելավել որոշումների ընդունման մեխանիզմը: Մեկ մարդ-կուսակցությունը կարող էր վետո դնել որոշումների վրա, եւ կոնգրեսը գտնվում էր պարալիզացված վիճակում: Եւ հիմա այդ պարալիզացված վիճակը խորանում էր այն պահին, երբ երկրում սրընթաց զարգացումներ են գնում»: Ըստ Զուրաբյանի, դա էր պատճառը, որ նախաձեռնող խումբը որոշում է կայացրել դիմել ՀՀՇ-ին' վերակազմավորման միջոցով ՀԱԿ-ը հզորացնելու համար:

Զուրաբյանը նաեւ նշել է, թե Հայ ազգային կոնգրեսին ոչ կուսակցական սկզբունքով անդամակցել է 12 հազար մարդ: ՀԱԿ տեղական կառույցներում շատ տեղերում լիովին ընդգրկված են միայն անկուսակցականներ, որոնք ուզում են դառնալ հզոր քաղաքական ուժի անդամ:

Նշենք, որ ՀՀՇ կուսակցության որոշման նախագծով առաջարկվում է կուսակցությունը վերակազմավորել եւ անվանել «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: ՀՀՇ անդամներից շատերը համագումարում հայտնել են իրենց դժգոհությունը: