Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) Սուրուչի ահաբեկչությունից հետո վերսկսել է ակտիվ գործողությունները թուրքական պետության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, քուրդ զինյալները շարունակում են մարդկանց առևանգել երկրի տարբեր նահանգներում ու քաղաքներում:

 

 

Այս անգամ PKK-ի զինյալները Շըրնաքի Սիլոփի գավառում առևանգել են 15 բանվորի:

 

 

Հուլիսի 24-ին քուրդ զինյալները Դիարբեքիր-Բինգյոլ ճանապարհահատվածին առևանգել էին նաև մեկ ոստիկանի' Վեդաթ Քայային և նրա կնոջն ու երեխային: Կարճ ժամանակ հետո կինն ու երեխան ազատ էին արձակվել:

 

 

Ավելի ուշ հայտնի էր դարձել այն մասին, որ Էրզրումում քուրդ զինյալներն առևանգել են շտապօգնության մեկ մեքենա և երեք բուժաշխատակցի: Վերջիններս հուլիսի 25-ի առավոտյան ազատ էին արձակվել:

 

 

Քուրդ զինյալներն ակտիվացել են Սուրուչում տեղի ունեցած ահաբեկական գործողությունից հետո, որի իրականացման մեջ մեղադրում են թուրքական պետությանը: Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթ է ունեցել, այդ ժամանակ էլ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Պայթյունի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: