Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մշակված Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի նոյեմբերին: Նրա խոսքով' սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին կատարելու շատ քիչ աշխատանք է մնացել' եզրափակիչ դրույթերի մշակումը: Այս մասին հայտարարեց Թոխյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Կարծում եմ' օգոստոսին ՀՀ նախագահին կներկայացվի Սահմանադրության նախագիծը և այդ փաստաթուղթը կտրամադրվի Ազգային ժողովին: ԱԺ-ն այն պետք է քննարկի, հավանություն տա, այնուհետև նախագիծը կգնա նախագահին, նա կդնի հանրաքվեի: Իմ հաշվարկներով' մենք նոյեմբերի վերջերին կարող ենք ունենալ հանրաքվե' հաշվի առնելով, որ հենց աշնանն էլ մեր մոտակա ամենախոշոր ընտրական պրեցեսն է. մի շարք համայնքներում ընտրություններն են: Ինչպես 2005 թվականին, այս անգամ էլ հարմար կլինի, որ համընկնի ընտրական մի խոշոր պրոցես հանրաքվեի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ֆելիքս Թոխյանը' ավելացնելով, որ դա ուղղակի իր դիտարկումներն են:

 

Ֆելիքս Թոխյանը նշեց, որ ինքը դեռ 2005 թվականից հանդես է եկել հայտարարություններով, որ Հայաստանին պետք են սահմանադրական բարեփոխումներ, սակայն կառավարման խորհրդարանական մոդելը ՍԴ անդամի սրտով չէ: Ամեն դեպքում, Թոխյանի խոսքով, բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պատրաստել է իրական, միջազգային մակարդակին համապատասխան լավ փաստաթուղթ, որն աննախադեպ բարձր գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից:

 

ՍԴ ներկայացուցչի դիտարկմամբ' սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկու կարևոր հարց է լուծվել' քաղաքական համակարգի ապակենտրոնացումն ու իշխանության դիֆուզիայի ապահովումը: «Սահմանադրական բարեփոխումների հիմնական խնդիրը կառավարման մոդելի փոփոխությունը չէ, բայց կառավարման մոդելն, այնուամնայնիվ, փոխվում է' ըստ նախագծի: Երկիրը գնում է մաքուր դասական խորհրդարանական համակարգի, ինչը պահանջում է ողջ համակարգի փոփոխություն»,-ասաց Ֆելիքս Թոխյանը' մեծ բավարարվածությամբ փաստելով, որ Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը պարունակում է դատական իշխանության անկախության նոր երաշխիքներ:

 

Նա կարևորեց փաստը, որ Սահմանադրությամբ նախատեսվում է խորհրդարանում ձայների 3/5-ով անցկացնել մի շարք հարցեր: «Այսինքն' քաղաքական մեծամասնությունը ուզի-չուզի պետք է ընդդիմության հետ համագործակության գնա: Սա բարձրացնում է ընդդիմության դերը խորհրդարանում»,-ավելացրեց նա:

 

Ֆելիքս Թոխյանի խոսքով' նշյալ նախագծով երկրի տերն ու տիրակալը դառնալու է ՀՀ կառավարությունը' Ազգային ժողովի կողմից հաստատված իր ծրագրով' իրականացնելով երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը: «Իշխանության իրական կենտրոնը փոխվում է դեպի կառավարություն, որը հաշվետու է լինելու Ազգային ժողովին: Վարչապետը դառնում է համար մեկ անձը երկրում»,-նշեց նա:

 

Օգոստոսի 4-ին հրապարակվել է Սահմանադրության 1-15-րդդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: